Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կրեմլը վախենում է հայաստանյան հեղափոխությունից

Կրեմլը վախենում է հայաստանյան հեղափոխությունից
26.06.2015 | 12:01

Bloomberg կայքը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին, գրում է, որ այս ամենը Հայաստանից դուրս կարող էր փոքր նշանակություն ունենալ, եթե ՀԷՑ-ի սեփականատերը չլիներ ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, որի կառավարիչների խորհրդի նախագահը Իգոր Սեչինն է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերն ու պետական «Ռոսնեֆտ» գիգանտ ընկերության գործադիր տնօրենը: Այնպես որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ կոռուպցիոն կառավարման մեղադրանքներով ցույցերը, չկանխամտածված հակամոսկովյան, եթե ոչ հակառուսական բնույթ ունեն, նշում է Blooberg-ը: Մոսկվան անհանգստանում է, քանի որ ՈՒկրաինայում հեղափոխությունը սկսվեց նույն ձևով՝ դժգոհություններով, փոքր ցույցերով ու միասին երգելով: Այնուհետև ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց և բողոքի ակցիաները այնքան սրվեցին, որ երկու ամսից էլ քիչ ժամանակահատվածում Կիևի կենտրոնը կրակների մեջ էր, իսկ քիչ անց ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախավ Ռուսաստան: ՈՒկրաինայում հայտնի կայքերից մեկը՝ Liga.net-ը, «Էլեկտրական Երևան» բողոքի ակցիաները լուսաբանել է որպես նոր «Մայդան», ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովը ֆեյսբուքյան էջի գրառումով քաջալերել է Երևանի ցուցարարներին, հիշեցնում է մեկնաբանը, նշելով, որ Կիևի աջակցությունը Երևանին Պուտինի աջակիցներին հուշում է, որ այն, ինչ տեղի է ունենում Երևանում, միայն տնտեսական պահանջներ չեն:
«Ես համոզված եմ՝ այնտեղ ՈՒկրաինայից շատ զինյալներ կան և դրսում համակարգող կենտրոն կա, որը ղեկավարում են նույն քաղաքական օպերատորները, որոնք ղեկավարում էին Կիևի Մայդանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը: «Երևանի բողոքի ակցիաները ինքնաբուխ չեն, դրանում ոչ մի կասկած չկա»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ «կազմակերպիչների հիմնական նպատակը արյունահեղությունն է»:
Bloomberg-ը նշում է, որ փոքրիկ երկրում Ռուսաստանը էներգետիկ խեղդող պարանից բացի 5000-անոց զորք է պահում՝ որպես զգուշացում հարևան Ադրբեջանին՝ չվերսկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Սառեցված հակամարտությունում Ռուսաստանը խաղում է երկու կողմում՝ վերահսկելու համար հետխորհրդային հարևաններին: Այս տարածաշրջանում հավասարակշռությունը շատ ավելի նուրբ հարց է, քան ՈՒկրաինայում Յանուկովիչին տապալելու ժամանակ: Հավանաբար սա է պատճառը, որ Հայաստանում և հայկական մեծ սփյուռքում հակառուսական տրամադրությունները քիչ են, նշում է մեկնաբանը։
Bloomberg-ի մեկնաբանը ամփոփելով նշում է. «Էլեկտրական Երևանը ուկրաինական ոճի հեղափոխություն չէ դեռևս և հավանական է` չի վերածվի դրան: Այնուհանդերձ, սա Պուտինի պարանոիդ ռեժիմին զենք ճոճելու հավելյալ պատճառ է տալիս: Ավելի լավ կլիներ Ռուսաստանը զբաղվեր իր ընկերությունների ներսի կոռուպցիայով, որն օգտագործվում է նախկին կայսրությունում ազդեցությունը պահելու համար, սակայն Մոսկվան անկարող է դա կատարել, քանի որ արտահանվող ամենահիմնական ապրանքներից մեկը կոռուպցիան է: Մոսկվան կարող է պայքարել միայն ախտանիշների, ներառյալ ժողովրդական ընդվզումների դեմ, որոնք դիտարկում են որպես միջազգային դավադրության մաս»:

Դիտվել է՝ 1650

Մեկնաբանություններ